logo
ՓԱԿԵԼMenu
Նոր սերունդ. երիտասարդ ակտիվիստները վերասահմանում են արդարությունն ու մարդասիրական գործունեությունը

Նոր սերունդ. երիտասարդ ակտիվիստները վերասահմանում են արդարությունն ու մարդասիրական գործունեությունը

2025 թ. մայիսի 7-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը՝ «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո։ «Նոր սերունդ. երիտասարդ ակտիվիստները վերասահմանում են արդարությունն ու մարդասիրական գործունեությունը» թեմայով քննարկումը մեկն էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ ջանքերով անցկացված ֆորումի ընթացքում։

TED-ի ոճով այս ելույթների շարքը ներկայացնում էր երիտասարդ առաջնորդների, որոնք ակտիվորեն վերաձեւում են ապագան մարդու իրավունքների, մարդասիրական արձագանքի եւ կլիմայական արդարության ոլորտներում։ Վնասակար սոցիալական նորմերի վերացումից մինչեւ նորարարական տեղական լուծումների մշակում եւ իրավական համակարգերի մոբիլիզացում՝ նրանց գործունեությունն արտացոլում է այն սերնդի խիզախությունն ու ստեղծարարությունը, որը չի համակերպվում ներկա իրադրության հետ։ 

«Ավրորայի» մերօրյա հերոս եւ «Աղջիկները հանուն մարդու իրավունքների» (Girls United for Human Rights) կազմակերպության գործադիր տնօրեն Հադիքա Բաշիրը պատմեց իր անցած ճանապարհի մասին՝ Պակիստանի Սվաթի հովտում երեխա-հարս լինելուց մինչեւ անվախ ակտիվիստ, որը պայքարում է վնասակար ավանդույթների դեմ, ինչպիսիք են «Սվարան» եւ մանկական ամուսնությունները։ Նա հիշեց այն պահը, երբ ընկերուհին, որն ամուսնացել էր վաղ տարիքում, դպրոց վերադարձավ կապտուկներով եւ լուռ։ Այդ պահը բեկումնային դարձավ նրա համար՝ ողջ կյանքում պայքարելու հանուն արդարության։ 11 տարեկանում ընտանիքի անդամի օգնությամբ ընդդիմանալով արդեն իսկ պլանավորված սեփական ամուսնությանը՝ Բաշիրը ենթարկվելու փոխարեն ընտրեց պայքարի ճանապարհը։ 13 տարեկանում նա հիմնեց «Աղջիկները հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը, որն այսօր կրթում է ընտանիքներին, համագործակցում կրոնական առաջնորդների եւ օրենսդիրների հետ, ընդլայնում աղջիկների հնարավորությունները՝ STEM (Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) կրթության եւ նորարարությունների, ինչպես նաեւ կլիմայական նախաձեռնությունների միջոցով։ «Աղջիկներն արժանի են մանկության, ոչ թե կապանքների։ Նրանք արժանի են երազելու, նրանք արժանի են խոսելու հնարավորության, նրանք արժանի են ազատության»,– նշեց Հադիքա Բաշիրը։

Ինտեգրալ ճգնաժամային կառավարման կենտրոնի (CEGIC), Cuenca Experience-ի եւ «Արեւայինցնցուղ» (Ducha de Sol) նախաձեռնության համահիմնադիր Անա Խիմենես Պոցոլին ներկայացրեց կամավորության՝ իր խիստ անձնականպատմությունը, որն սկիզբ է առնում ընտանիքից եւ ծնողների՝ որբանոցում կատարած աշխատանքից։ Նա հիշեց իրեն ոգեշնչած հանդիպումներից մեկն Անդրես անունով մի անօթեւան երիտասարդի հետ, որը չէր կարողացել ավարտել դպրոցը՝ տարրական միջոցների բացակայության պատճառով։ Եվ Անան որոշեց իր կյանքը նվիրել սոցիալական եւ կլիմայական արդարությանը։ Նա համահիմնադրել է Ինտեգրալ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որի նպատակն է առաջարկել հեշտ կիրառելի լուծումներ ճգնաժամերից տուժած եւ ենթակառուցվածքներից զրկված համայնքներին։ Հայրենի Արգենտինայի անդյան կոնդորից (ամերիկական գրիֆների խմբին պատկանող թռչուն) ոգեշնչված՝ նա ընդգծեց հավաքական ուժի դերը, համայնք վերադառնալու կարեւորությունը եւ միասին կայուն փոփոխություն ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ես հրավիրում եմ ձեզ՝ միանալու մեզ եւ հիմնովին փոխելու այն, ինչ մեզ ցավ է պատճառում՝ ոչ ատելությամբ, վախով կամ առճակատմամբ, ինչով աշխարհն արդեն լեփ-լեցուն է, այլ միասնաբար եւ խոնարհությամբ՝ ինչպես նշել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը»,- ասաց Անա Խիմենես Պոցոլին։

Իր ելույթում Այիշա Սիդիքան՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի իրավաբանական գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կլիմայի հարցերով խորհրդական (2023–2025 թթ․) եւ Future Generations Tribunal հարթակի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, պատմեց, թե ինչպես են հնագույն ժամանակներում բնիկ առաջնորդները դասեր քաղել բնությունից՝ սովորելով կառավարել հավասարակշռության եւ ապագա սերունդներին պաշտպանելու դիտանկյունից։ Այս գաղափարներից ոգեշնչված՝ նա ստեղծել է Future Generations Tribunal հարթակը՝ իրավական եւ էթիկական կշիռ հաղորդելու կլիմայական ճգնաժամից տուժած համայնքների վկայություններին ամբողջ աշխարհում։

«Ես անձամբ ականատես եմ եղել շրջակա միջավայրի ճգնաժամի խոր ազդեցությանը։ Եվ ես վախենում եմ։ Վախենում եմ, թե ինչ է սպասվում իմ ցեղի երեխաներին եւ մարդկանց ամբողջ աշխարհում»,– ասաց Սիդիքան։ «Ահա թե ինչու ենք ես եւ իմ գործընկերներն ամբողջ աշխարհից մեզ վրա վերցրել ապագայի կանոնները սահմանելու պատասխանատվությունը, որովհետեւ մենք ժամանակ չունենք անընդհատ խնդրելու, որ դրանք հաշվի առնվեն»։

Այս ելույթների շարքը հիշեցում էր այն մասին, որ նոր սերունդը ոչ միայն պահանջում է փոփոխություններ, այլեւ ինքն է առաջնորդում այդ փոփոխությունները: