logo
ՓԱԿԵԼMenu
Մարդու իրավունքների ապագան

Մարդու իրավունքների ապագան

«Մարդկայնության լեզուն հաճախ արտահայտվում է արժեքների միջոցով։ Մարդու իրավունքները մեզ տալիս են արժեքների միասնական ընկալում, որը պաշտպանելու շուրջ աշխարհը եկել է համաձայնության՝ ազատություն, հավասարություն, արժանապատվություն եւ խաղաղություն։ Նրանք, ովքեր ունեն իշխանություն, ունեն նաեւ հատուկ պատասխանատվություն՝ այդ իշխանությունն օգտագործելու եւ կյանքի կոչելու մարդու իրավունքներն ավելի շատ մարդկան  համար ավելի շատ վայրերում»,- այս մասին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի եւ «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի ուսումնական գծով ղեկավար Աննա Սփեյն Բրեդլին խոսեց «Մարդու իրավունքների ապագան» խորագրով քննարկման ժամանակ։ Այն տեղի ունեցավ 2025 թ․Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում։ «Աշխարհը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ է ստեղծել կառույցներ, որոնք կաջակցեն մարդու իրավունքներին ոչ միայն ներկայի համար, այլեւ ապագայի, որ ուզում ենք ունենալ։ Բոլորիս մարտահրավերը պետք է լինի առավել արդյունավետ համագործակցությունը՝ հանուն համընդհանուր բարօրության»։

2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն անցկացվեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ ջանքերով։ Այն տեղի ունեցավ 2025 թ․ մայիսի 7-ին՝ համախմբելով համաշխարհային առաջնորդների, առաջնագծում աշխատող իրավապաշտպանների եւ տարբեր ոլորտներում իրապես փոփոխություն բերող անհատների։ Ֆորումի շրջանակում անցկացված «Մարդու իրավունքների ապագան» խորագրով քննարկմանն անդրադարձան մարդու իրավունքների սկզբունքներին՝ անընդհատ փոփոխվող համաշխարհային նորմերի համատեքստում։ Դիտարկեցին նաեւ այն, թե ինչպես կարող է տարբեր մակարդակների՝ տեղական, ազգային եւ միջազգային համագործակցությունն ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Մենք ապրում ենք կապիտալիզմի ձախողման ժամանակաշրջանում։ Աշխարհի տասը ամենահզոր ընկերություններից յոթը տեխնոլոգիական են։ Նրանք էական մասնակցություն ունեն արեւմտյան լիբերալ ժողովրդավարությունների փլուզման գործում», - մտահոգություն հայտնեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գենդերային հարցերի եւ աֆրոամերիկյան ուսումնասիրությունների գծով պրոֆեսոր եւ UCLA DataX նախաձեռնության համաղեկավար Սաֆիյա Նոբլը։ «Նրանք մասնակցում են նաեւ սոցիալական եւ մարդկային, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների վերակազմավորմանը։ Մենք տեսնում ենք կազմակերպություններ, որոնք անչափ մեծ ազդեցություն ունեն՝ իրականում լինելով ավելի հզոր, քան կառավարություններն են, եւ դրանք գործում են ինչպես պետությունները։ Կարծում եմ՝ մենք շատ լուրջ պետք է ուսումնասիրենք, թե ինչպես են նման նախագծերը ձեւափոխում մեր հասարակությունը եւ թե ինչպես են խորապես ներգրավված մարդու եւ քաղաքացիական իրավունքների քայքայման գործում»,- ավելացրեց նա։

«Կարծում եմ՝ աշխարհի բազմաթիվ հատվածներում մարդու իրավունքները կազմալուծվում են։ Եվ մեզ անհրաժեշտ է… աշխատել վերականգնելու ուղղությամբ՝ վերադառնալով մարդու իրավունքների հիմնարար ձեւակերպումներին»,- ընդգծեց Յեյլի համալսարանի «Գործընկերություն հանուն գլոբալ առողջապահական արդարության» նախաձեռնության ավագ փորձագետ եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջազգային հարցերով նախկին նախագահ Ուննի Կարունակարան։ Նա շուրանակեց՝ շեշտելով, որ մարդասիրական ջանքերը հաճախ առաջ են գալիս քաղաքական ձախողումների հետեւանքով։ «Շատ է խոսվում այն մասին, որ մարդասիրական գործունեությամբ զբաղվողներն ու իրավապաշտպանները լուծումներ են գտնում խնդիրների համար, բայց գիտեք՝ մարդասիրական կազմակերպությունները հայտնվում են այնտեղ, որտեղ քաղաքականությունը ձախողվել է։ Կառավարությունները պետք է արձագանքեն մարդկանց կարիքներին։ Եվ մենք պետք է կարողանանք ամենաբարձր մակարդակում խաղաղություն հաստատել պետությունների միջեւ։ Այժմ մենք [անգործության ենք մատնված] բոլոր մակարդակներում»։ 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry կազմակերպության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթն ընդգծեց թե՛ իրավական եւ թե՛ ֆինանսական հաշվետվողականության կարեւորությունն արդարության հասնելու գործում․ «Միջազգային արդարադատության անիվները, ինչպես բոլորս գիտենք, շատ դանդաղ են շարժվում։ Ուստի՝ տարիներ առաջ մենք հիմնեցինք The Sentry կազմակերպությունը, որը փորձում է հաշվետվության կանչել այն մարդկանց, որոնք շահում են պատերազմական հանցագործություններից, բռնապետությունից»,- ասաց Փրենդերգասթը շարունակելով․ «Պատժամիջոցները կարող են շատ արդյունավետ գործիք լինել հաշվետվողականության համար, երբ կիրառվում են ամբողջական ցանցերի նկատմամբ։ Այլ կերպ ասաց, ոչ միայն այն պետական պաշտոնյայի նկատմամբ, որը կենտրոնում է եւ առավելապես պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձանց, բիզնեսների, կորպորատիվ կառույցների, միջազգային ֆինանսական համակարգում նրանց աջակցող եւ օժանդակող սուբյեկտների նկատմամբ, որպեսզի բոլորը միաժամանակ ենթարկվեն պատժամիջոցների»։

Ամփոփելով քննարկումը՝ «Ռոյթերզ» գործակալության Լոս Անջելեսի բյուրոյի ղեկավար եւ մոդերատոր Մերի Միլիքենն ասաց․ «Ինչպես ասացին մեր բանախոսները, մարդու իրավունքների ապագան կախված է ոչ միայն ինստիտուտներից եւ իրավական շրջանակներից, այլեւ նրանից, թե որքան համարձակորեն մենք կվերաիմաստավորենք մեր ընդհանուր պատասխանատվությունը՝ անկախ սահմաններից, ոլորտներից եւ սերունդներից»։ Նա իր խոսքը եզրափակեց՝ շնորհակալություն հայտնելով բանախոսներին ոչ միայն նոր տեսակետներ, այլեւ «լավատեսության որոշակի չափաբաժին» առաջարկելու համար։