Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը

Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը

«Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը կներկայացնի իր «SHINE» ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորայի» հերոսներին: Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ Լոս Անջելեսում: «Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) կշնորհվի բացառիկ հերոսի՝ հիմք ընդունելով նրա ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունը եւ ունեցած ազդեցությունը: «SHINE» երգի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այն հերոսներն իրենց համառությամբ եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: Այս նոր ստեղծագործությունը կթողարկվի բոլոր հարթակներում պրեմիերայի կենդանի կատարմանը զուգընթաց՝ 2024 թ. մայիսի 9-ին՝ Կալիֆորնիայի ժամանակով 21:00-ին:  

«Ես միշտ խոր հիացմունք եմ ունեցել նրանց հանդեպ, ովքեր համբերատար հաղթահարել են անմարդկային փորձություններ, ինչպես օրինակ՝ Նելսոն Մանդելան, որն ի վերջո դուրս բերեց իր ժողովրդին խավարից», - ասաց Բլեքը: «Խիզախ մարդիկ, ինչպիսիք են Աբդուլհադի ալ-Խավաջան, Դենիս Մուկվեգեն եւ Նասրին Սոթուդեն, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն ուրիշների, ինձ հույս են տալիս, որ բարին կհաղթի չարին»:

Հարավային Կալիֆորնիայում ծնված Բլեքը երաժշտությամբ է տարվել եւ սկսել երգեր գրել դեռ վաղ հասակում՝ դառնալով համաշխարհային հիթերի հեղինակ, ինչպիսիք են «I Need a Dollar» եւ «The Man» երգերը: Նա նաեւ Ավիչիի հետ համահեղինակել է եւ ապահովել «Wake Me Up» մեգահիթի վոկալը, որը 22 երկրում գլխավորել է երաժշտական աղյուսակները: Բլեքը երկար ժամանակ զբաղվում է բարեգործությամբ, այժմ, համագործակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, նա ընդլայնում է իր հանձնառությունը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում: 

«Երաժշտությունը ողջ մարդկությանը ոգեշնչելու եւ համախմբելու ուժ ունի: Մենք շնորհակալ ենք Ալոե Բլեքին՝ իր մեծ տաղանդի, «Ավրորայի» հետ համագործակցելու եւ «SHINE» երգի համար, որը կօգնի մեզ շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարդասերների կարեւոր առաքելությունն ամբողջ աշխարհում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: «Մենք ողջունում ենք Ալոեին իր տաղանդը հանրությանն ի նպաստ բերելու համար եւ հուսով ենք, որ «SHINE» երգը լսելիս մարդիկ հաղորդակից կլինեն նրա խոսքի ուժին եւ հույսի ուղերձին»: 

«Բոլոր մարդիկ իրավունք ունեն ուրախության, ապահովության, արժանապատվության եւ մարդկային վերաբերմունքի: Բոլորս այստեղ ենք, որպեսզի զգանք լավագույնը, որ կարող է տալ կյանքը»,- ասաց Բլեքը: ««SHINE»-ի հետ ես ձեզ եմ փոխանցում նաեւ կարեկցանքի եւ ոգեշնչման խոսքեր` նպաստելու սոցիալական դրական վերափոխմանը: Հուսով եմ, որ այս երգը կխրախուսի մյուսներին՝ միանալու «Ավրորայի» համաշխարհային մարդասիրական շարժմանը»: 

Լուսանկարը՝ Զաք Բելլի